Վայոց Ձորը Հայաստանի խաղողագործության չորս շրջաններից մեկն է և հայտնի է գինեգործության հազարամյա ավանդույթներով, հայկական պատմամշակույթային հարուստ հուշարձաններով։
Առավել հայտնի է Նորավանք վանական համալիրը։ Վանական համալիրը հինադրվել է XII դարում և կառուցապատվել հիմնականում XIII-XIV դդ․։ Անապատը Նորավանք է վերանվանվել 1221-ին ։ Համաքրիստոնեական միջնադարյան արվեստի համար աննախադեպ է Հայր Աստծո և Սուրբ Հոգու պատկերագրությունը, որն արվել է Նորավանքի որմնաքանդակներում։ Նորավանքի այդ քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից։
Վայոց ձորի սրտում է գտնվում Արենի -1 քարանձավը, որը հայտնի է նաև << Թռչունների քարանձավ>> անվանումով։ 2007 թվականին պեղումների ընթացքում քարանձավում հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ։
Քարանձավի կառուցվածքային առանձնահատկությունները հնարավորություն են տվել այն որպես հնձան օգտագործելու․ ճզմված խաղողը թեք հարթությամբ հոսել է հատուկ տեղ, որտեղ այն հասունանում էր մինչև համապատասխան աստիճան։
Հնձանի հարևանությամբ հողի մեջ հսկայական կարասներ են թաղված եղել, որոնցում հայտնաբերվել են խաղողի մնացորդներ և եղեգնի սնամեջ ցողուններ։ Ներկայումս գինեգործական այդ համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և վերագրվում է մ․թ․ա․ 4-րդ հազարամյակին։
Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ:
2008 թ-ին Արենի -1 քարանձավում հայտնաբերվեց նաև աշխարհի ամենահին կոշիկը։ << Արենի 1>> կոշիկը կամ <<5500- ամյա կաշվե ոտնաման>>-ը գտնվել է գերազանց վիճակում։ Այն մի քանի հարյուր տարի ավելի հին է, քան << Ötzi the iceman>>-ը, որը կաշվե կոշիկի ամենահին մասն է աշխարհում։ Ըստ պեղող հնագետների՝ ոտնամանը թվագրվում է Ք․ա 3600-3500 թթ․